Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կայացել է ՀՀ արդարադատության նախարարության եւ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության մեդալի ու շնորհակալագրերի հանձնում մի շարք իրավաբանների, որոնք աչքի են ընկել ՀՀ քաղաքացիներին եւ աջարաբնակ հայերին իրավական օգնություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» մեդալի է արժանացել փաստաբան Լեւան Մժավանաձեն, որը տարիներ շարունակ բազմիցս աջակցություն է ցույց տվել Աջարիայում բնակվող մեր տասնյակ հայրենակիցների: ՀՀ արդարադատության նախարարության շնորհակալագրերի են արժանացել փաստաբաններ Շոթա Ջիբլաձեն, Վաժա Մելաձեն եւ բաթումահայ թարգմանիչ Աղաջան Բաղդոյանը, որոնք նույնպես քանիցս աչքի են ընկել մեր հայրենակիցներին իրավական աջակցություն ցուցաբերելու հարցերում: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության շնորհակալագրի է արժանացել «Մեր տունը Վրաստանն է» համայնքային կազմակերպության անդամ, իրավաբան Սերգո Շեծիրուլին:

 Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը դրվատանքի խոսքեր է ասել պարգեւատրվածների մասին` ընդգծելով նրանց դերը ոչ միայն մեր հայրենակիցներին ցույց տրված ծառայությունների, այլեւ հայ-վրացական բարեկամության ամրապնդման հարցերում: