«Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում գրանցվել են խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքեր»,- հուլիսի 12-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առուստամյանը։
Ժանտախտը բռնկվել է Քաշաթաղի Սարդարապատ եւ Դրախտաձոր համայնքներում։ Սարդարապատ համայնքում վարակված անասունների գլխաքանակը հասնում է 30-ի, իսկ Դրախտաձորում՝ 57-ի։
«Համայնքներում կատարվել են համապատասխան ախտահանություններ, հիվանդ անասունները ոչնչացվել են»,-ասաց Տիգրան Առուստամյանը՝ հավելելով, որ մսի վաճառակետերում վերահսկողությունն էլ ավելի է խստացվել։
«Բոլոր մսերը ստուգվում են, ուղեկցվում են համապատասխան անասնաբուժական փաստաթղթերով։ Միսը հանձնելիս անպայման վերցվում է նաեւ կենդանու ներքին օրգանները, որոնք տեղում զննում են մասնագետները եւ միայն դրանից հետո թույլատրվում է վաճառքի հանել։
Պետական տեսչության պետը նաեւ հավելեց, որ այն համայնքներում, որտեղ գրանցվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր, կենդանիների գլխաքանակը իսկույն հաշվառել է, որպեսզի գյուղացիները հիվանդ կենդանիներին չմորթեն եւ վաճառքի չհանեն։
Նշենք, որ վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտի դեպք գրանցվել էր մարտ ամսին՝ Շուշիում։



























