Քաղաքական դաշտում չկա մի կին, եւ նույնիսկ ոչ մի տղամարդ, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, որը կարող  է իր ուսերին կրել հանրապետության նախագահի բեռը:   Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ցանկալի կլիներ, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի այլընտրանքային թեկնածուն լիներ կին:

«Արհեստականորեն կին թեկնածու առաջադրելը ավելի քան ծիծաղելի է: Նախագահի պորտֆելն այնքան լուրջ պորտֆել է, եւ պատասխանատվությունն ամբողջ երկրի ու ժողովրդի առաջ այնքան լուրջ է, որ յուրաքանչյուր մարդ, ով ընդհանրապես մտածում է թեկնածու առաջադրվելու մասին, պետք է լրջորեն մտածի այդ մասին, թե արդյո՞ք  կարող է իր ուսերին կրել այդ բեռը»,-նշեց Սարգսյանը: Նա նաեւ հավելեց, որ ուրախ կլիներ, եթե նախագահի թեկնածուներ առաջադրվեին այնպիսի մարդիկ, որոնց ինքն անձամբ կվաստահեր եւ կվստահեր նաեւ երկիրը: NEWS.am-ը հարցրեց Լյուդմիլա Սարգսյանին՝ ինքը մտադիր չէ՞ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, ինչին ի պատասխան ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց. «Ես ինձ չեմ ուզում տեսնել նախագահ, չեմ ուզում կրել այդ բեռը։ Շատ պատասխանատու բեռ է»: