Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը հերթական անգամ ի ցույց է դնում սեփական անդաստիարակությունն ու տգիտությունը՝ փորձելով քողարկել փաստարկների պակասը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Պոլուխովն «աբսուրդ» էր որակել Հայաստանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել:

«Զարմանալի է, երբ հայ քաղաքական գործիչները իրենց մեկնաբանություններում ու հայտարարություններում աբսուրդի են հասնում` մեղադրելով սուվերեն պետությանը միջազգային հանրության կողմից ճանաչված իր իսկ տարածքներն օկուպացնելու համար»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: