Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը նշել է. «Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»: Բաղդասարյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրված փորձը շուտով կիրականացվի նաեւ այլ երկրներում:

Իան Գրանդն ընդունել է Արթուր Բաղդասարյանի առաջարկը, որ Հայաստանը պետք է ոչ միայն խորհրդատուին ընտրելու իրավունք ունենա, այլ նաեւ` կարողանա գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը: