Ադրբեջանում հերթական հիստերիան է սկսվել Բաքվի խանութներում հայտնված Աշխարհի ատլասում Լեռնային Ղարաբաղի դրոշի եւ զինանշանի կապակցությամբ:
Ինչպես գրում է Day.az-ը, ոմն Իբրահիմի դիմում-բողոքից հետո պարբերականի լրագրողը նետվել է գրախանութ: Տեսնելով կազմի երկու կողմերում աշխարհի երկրների աշխարհագրական անվանումները պետական խորհրդանիշներով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, լրագրողը կանչել է խանութի սեփականատիրոջը:
Ամենաուշագրավն այն է, որ Ղարաբաղի դրոշն այդ Ատլասում թաքցված էր գունավոր պիտակի տակ:
«Թերեւս, այդ կերպ խանութում որոշել էին զերծ մնալ սխալմունքից»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ դրոշը ծածկել են, իսկ զինանշանի մասին՝ մոռացել:
Խանութի տիրոջ հետ լեզվակռվից հետո գիրքը հանվել է վաճառքից: Հոդվածի հեղինակը վստահ է, որ Ատլասի տպագրությանը մասնակցել է «Կարտոգրաֆիա» քարտեզագրական միավորումը, որի տնօրենը Յ.Ա.Թոփչյանն է:
Տեսնես որքա՞ն է Ադրբեջանը հիստերիկաբար հարձակվելու բոլոր նրանց վրա, ովքեր օբյեկտիվ տեղեկություններ են տալիս:




























