«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Թինա Քայդանովի նշանակումը մարտահրավեր է Ռուսաստանի համար: ԱՄՆ-ը ցանկանում է մանիպուլյիացիայի ենթարկել ԼՂ խնդիրը, որպեսզի վերջնականապես Կովկասից դուրս մղի Ռուսաստանին»,- կարծիք է հայտնել իր ազգայնական հայացքներով հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: «Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ավելի շատ կսկսեն նայել Վաշինգտոնի կողմը: Ադրբեջանը վախենալու է Կոսովոյի նախադեպի կրկնությունից, իսկ Հայաստանը ԱՄՆ-ից նվերի է սպասելու, ուստի այս տարածաշրջանում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում»,- ասել է նա:
Այդուհանդերձ, քաղաքագետը վստահ , որ ԱՄՆ-ը չի գնա Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ճանապարհով, որովհետեւ նրանք Ադրբեջանը դիտում են որպես իրենց գործընկեր, հատկապես էներգետիկ ծրագրերում: Բայց քանի որ վերջին շրջանում Ադրբեջանն ու Թուրքիան սերտացրել են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, այս քայլով, ըստ Դուգինի, ԱՄՆ-ը ցանկանում է նախազգուշացնել այդ երկրներին, որ կարող է նաեւ ճանաչել Ղարաբաղը:
Այնուհետեւ քաղաքագետը փորձում է ինքը շանտաժի ենթարկել Ադրբեջանին՝ ասելով, որ Մոսկվան եւս դեմ չէ, որպեսզի Ղարաբաղն անցնի Հայաստանին, բայց կարող է նաեւ փոխել իր այդ կարծիքը, եթե իր շահերը համընկնեն Բաքվի եւ Անկարայի շահերի հետ:
«ԱՄՆ-ը չի գնա Ղարաբաղի միակողմանի ճանաչման: Նրանք կխաղան եւ ես չեմ բացառում, որ կարող են անգամ պատերազմ հրահրել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա կողմ է ստատուս քվոյի պահպանմանը, իսկ ամերիկացիները այսօր փորձում են խլել նախաձեռնությունը Ռուսաստանից, որպեսզի իրենք դառնան դրության տերը»,- նշել է նա:



















