Ծովի խորքերում, որտեղ լույսն աղոտ է եւ հիմնականում կապույտ, մեծ աչքերով կենդանիներն ավելի լավ են տեսնում: Սակայն մեծ աչքերն էլ, որպես կանոն, լավ են նկատվում գիշատիչների կողմից: Հավանաբար այդ է պատճառը, որ Paraphronima gracilis տեսակի խեցգետնակերպերի մոտ աչքի ինքնատիպ կառուցվածք է զարգացել:
Ծովային այս կենդանիները չափազանց փոքր են, առավելագույնը 10-17 մմ: Թափանցիկ այս խեցգետինները բնակվում են 100-150 մետր խորությամբ, որտեղ այնքան մութ է, որ մարդու աչքը ոչինչ չի տեսնի:
Սմիթսոնի ինստիտուտի հետազոտողները Կալիֆորնիայի Մոնթերեյի ծոցի՝ 200-500 մետր խորությամբ ջրերից մի քանի նման խեցգետին են հանել: Դրանց աչքի բարդ կառուցվածքն ուսումնասիրելով՝ հայտնաբերել են, որ յուրաքանչյուրը 16 կարմիր բիբ ունի: Հետազոտողները ենթադրում են, որ բիբերից յուրաքանչյուրն ընկալում է պատկերը եւ փոխանցում խեցգետնակերպի ուղեղին, որտեղ 16 պատկերները միավորվում են՝ բարձրացնելով պայծառությունը:
Ըստ Vesti-ի, P. Gracilis աչքերի 32 բիբերը նման են մի քանի փոքրիկ նարնջագույն շրջված բրգերի, որոնք երկու շարքով տեղակայված են կենդանու գլխի երկու կողմերում: Պարզվել է նաեւ, որ խեցգետնակերպը կարող է տեսնել իրենից 5-10 սմ հեռավորությամբ գտնվող օբյեկտները:
Հետագայում գիտնականները ծրագրում են պարզել, թե կենդանու ուղեղն ինչպես է մշակում ստացված պատկերները:




























