Երեւանի «Երիտասարդական մետրոյի» հարեւանությամբ ինքնասպանություն կատարելու ցանկություն հայտնած ուսանողուհին որեւէ խնդիր չունի բուհում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը:

Նա նշեց, որ աղջիկը, ով եզդիական համայնքի ներկայացուցիչ է, սովորում է բարձր առաջադիմությամբ, օրինակ՝ վերջին երկու քննությունները ստացել է 19: Յուրի Մարմարյանն ասաց, որ նրա նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը ամենեւին էլ համալսարանը, ուսանողները կամ դասախոսները չեն, պատճառները անձնական են եւ սա նման քայլի դիմելու առաջին դեպքը չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էինք, որ Երեւանի «Երիտասարդական մետրոյի» հարեւանությամբ հունվարի 19-ին, ուսանողուհին ցանկանում էր կտրել երակները: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնել էին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղջիկը սովորում է Ագրարային համալսարանում, 3-րդ կուրս է: Երակները ածելիով կտրելու ցանկություն ունենալու պատճառը կոնֆլիկտներն են: ԱԻՆ-ից հայտնեցին, որ տեղում էին թե ոստիկանները, թե փրկարարները, աղջկան  համոզել են չդիմել այդ քայլին, նրան վտանգ չի սպառնում, այժմ դեպքի հանգամանքները ճշտում է ոստիկանություն: Այդ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել նաեւ դեկտեմբերի 2-ին՝  շեղբով կտրելով ձախ ձեռքի նախաբազուկը: