Ագրարային համալսարանի քոլեջի ինքնասպանության փորձ կատարած 3-րդ կուրսի ուսանողուհին միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, սովորում է անվճար համակարգում, նորմալ հաճախում է դասերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի քոլեջի տնօրեն Արամ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ուղիղ մեկ շաբաթ է՝ աղջիկը ապրումների մեջ էր, նրան անընդհատ թվում է, թե իրեն ծաղրում են, մինչդեռ նման բան իրականում չկա: Քոլեջի տնօրենը վստահեցրեց, որ նրան բոլորը շատ լավ են վերաբերում, կուրսում առողջ մթնոլորտ է, ժողով են հրավիրել, ծնողին են կանչել, զրուցել են: «Առավոտյան ժամտ 10-ի կողմերը գիրքը տետրով, մեջը՝ ծրար, տվել էր մի աղջկա, որ փոխանցեն, վերջինս էլ տարել էր դեկանատ, որտեղից էլ ինձ էին հայտնել: Մորը ուղղված նամակ էր, ինչպես նաեւ երկտող, որում գրված էր, որ այսպես չի մնա: Գնացինք, ինքը առաջին հարկում էր, բերեցի իմ սենյակ, զրուցեցի, ծնող կանչեցի, կուրսում ժողով արեցինք, հայտնեցինք ոստիկանությանը, այժմ մի քանի օր հանգիստ եմ տվել»,-ասաց քոլեջի տնօրենը:
Արամ Հովհանիսյանը պատմեց, որ երեխան տարիներ առաջ ընտանեկան մեծ ողբերգության է ականատես եղել եւ այժմյան ապրումները հավանաբար դրանով են պայմանավորված, գուցե նրան հոգեբան է անհրաժեշտ: Նա եզդիական համայնքի ներկայացուցիչ է, օրինակելի ընտանիք, քույրերը եւս բարձր առաջադիմությամբ եւ անվճար համակարգով սովորում են տարբեր բուհերում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ագրարային համալսարանի քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհին դեկտեմբերի 2-ին, լսարանում ինքնասպանության փորձ է կատարել՝ շեղբով կտրելով ձախ ձեռքի նախաբազուկը: Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից: Աղջիկը էջմիածնի բնակչուհի է: Նա ինքնասպանության փորձ է կատարել անձնական խնդիրների պատճառով: Երբ նա ինքնասպանության մտադրության մասին հայտնել է, կուրսեցիները ահազանգել են իրավապահներին: Նշված միջադեպով կատարվում է հետաքննություն:



























