Ուղեղը կարող է նյարդային համակարգի համար նոր կամրջակ ստեղծել, որպեսզի անցյալում ունեցած վախի զգացումը վերարտադրվի: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտւտի մասնագետները:
Երկար ժամանակ գիտնականները հետեւել են տագնապային նեւրոզ ունեցող հիվանդներին, մասնավորապես՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցողներին: Նրանք նկատել են, որ հիվանդի վախի զգացումը ժամանակի ընթացքում չի անհետանում, հակառակը, կարող է ավելի սուր արտահայտվել:
Gazeta-ի փոխանցմամբ, մասնագետներն այդ երեւույթը տարօրինակ են համարում, քանի որ գլխուղեղի նյարդային համակարգի ուղիները փոփոխվելու հատկություն ունեն, ինչը նշանակում է, որ գլխուղեղն աստիճանաբար պետք է կորցնի վախի հանդեպ հիշողությունը:
Առնետների մասնակցությամբ փորձը ցույց է տվել, որ կենդանու ուղեղը կորցրածների փոխարեն նոր կամրջակներ է ստեղծում, իսկ այդ նշանակում է, որ նախկինում ունեցած վախի զգացումը կարող է նույն ուժով վերարտադրվել: Մասնագետների բացահայտումը կարող է գիտնականներին օգնել նյարդային համակարգի խանգարման դեմ պայքարում:




























