Կիպրոսում պեղումների ընթացքում հայտնաբերված երկկողմանի թալիսմանը, որը 59 տառ է պարունակում, պալինդրոմ է. այն երկու կողմից էլ նույն կերպ է կարդացվում: Գտածոն պատրաստվել է Կիպրոսի հարավ-արեւմուտքում, Նեա Պաթոս քաղաքում: Թալիսմանը շուրջ 1500 տարեկան է:
Թալիսմանի մի կողմում մի քանի նկար կա: Նկարիչը ներքեւի հատվածում նավակում պառկած մումիա է պատկերել: Հավանաբար դա եգիպտական Օսիրիս աստծո պատկերն է: Մումիայի վրա Հարպոկրատի նկարն է, որին հույներն ու հռոմեացիները լռության աստվածն էին համարում: Հարպոկրատը աթոռին նստած է պատկերված: «Գիտություն եւ կյանք» պարբերականի փոխանցմամբ, նրա աջ ձեռքը շրթունքին է, իսկ ձախ ձեռքին գավազան է:
Աստծո աջ կողմում կինոկեֆալ է՝ շան գլխով: Այն նույնպես թաթը դրել է շրթունքին՝ կրկնելով Հարպոկրատի շարժումը: Աստծո եւ կինոկեֆալի միջեւ օձ է ցուցադրված, որի գլուխը Հարպոկրատի կողմն է: Թալիսմանի վրա պատկերված են նաեւ կոկորդիլոս, թռչուններ, կիսալուսին եւ աստղեր:




























