Եվրոպայում հրապարակվել է Եվրոպական տնտեսական գոտու անդամ ամենաաղմկոտ պետությունների մասին առաջին զեկույցը: Եվրոպայում կյանքի համար ամենաաղմկոտ վայրերից մեկը Մալթան է:
Մասնագետները վերլուծել են երկրների աղմուկի աղտոտվածության մակարդակի վրա տարբեր գործոնների ազդեցությունը, ինչպես նաեւ դրա հետեւանքով բնակիչների մոտ առաջացող խնդիրները:
Հետազոտության արդյունքներով, եվրոպական մայրաքաղաքներում աղմուկի գլխավոր աղբյուրը ճանապարհային երթեւեկությունն է: Դրան հետեւում են երկաթուղին, օդանավակայանները եւ արդյունաբերական օբյեկտները:
Աղմուկի բարձր մակարդակի հետեւանքով առաջացող խնդիրների թվում մասնագետները նշում են քաղաքաբնակների առողջության հետ կապված հիմնական ռիսկերը՝ անքուն գիշերներից մինչեւ սրտի հիվանդությունները: Նրանք նաեւ սահմանել են աղմուկի այն շեմը, որը գերազանցելու դեպքում երկրի բնակիչների առողջության համար անցանկալի հետեւանքներ կարող են լինել: Այն հավասար է 55 դեցիբելի:
Ըստ Euromag-ի, զեկույցում նշվում է, որ Եվրամիության պետությունների մեծ մասում, այսպես կոչված, աղմկոտ շրջանները կազմում են երկրի ամբողջ տարածքի 50%-ը:
Ոչ մեծ պետություններում, ինչպիսիք են, օրինակ, Բելգիան, Լյուքսեմբուրգը եւ Մալթան, հանգիստ շրջանների մասնաբաժինը շատ փոքր է: Մալթայում աղմկոտ շրջանների մասնաբաժինը 90% է, ինչի հետեւանքով կղզին համարվում է բնակության համար ամենաաղմկոտ վայրերից մեկը Եվրոպայում:




























