Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մեծ դամբարանում նվազագույնը հինգ մարդու ոսկորներ կան, այդ թվում՝ երեխայի եւ ծեր կնոջ:

Agence France-Presse-ը, վկայակոչելով Հունաստանի մշակույթի նախարարությանը, գրում է, որ Հին Ամֆիպոլիսում 2012 թվականից պեղումներ են կատարվում, իսկ հայտնաբերված դամբարանը խոշորագույններից է Հունաստանում: Հնագետները նախ կարծում էին, որ այնտեղ մեկ մարդ է թաղված (հավանաբար, Ալեքսանդր Մակեդոնացու մտերիմ ընկերը՝ Հեֆեստիոնը, Օլիմպիադա արքայի մայրը, կամ նրա կին Ռոքսանան): Lenta-ի փոխանցմամբ, վերջին տեղեկությունների համաձայն, դամբարանում նվազագույնը 5 մարդու ոսկորներ կան, որոնցից մեկին դիակիզման են ենթարկել:

Գիտնականները, ընդհանուր առմամբ, 550 կտոր ոսկոր են հայտնաբերել: Առայժմ ընդամենը 157 կտոր է նույնականացում անցել առանձին կմախքների հետ: Ոսկորների մի մասը կենդանու է (ձիու): Դամբարանում մեկ ծեր կին կա (60 տարեկանից ավելի), երկու տղամարդ (35-45 տարեկան), եւս մեկ մարդ, ում սեռը պարզել չի հաջողվել, ինչպես նաեւ նորածին երեխա, որին դիակիզել են: Հանգուցյալների ինքնությունն ու բարեկամական կապը կպարզվի հետագա հետազոտությունների ընթացքում:

Ամֆիպոլիսի դամբարանը թվագրվում է մ.թ.ա IV դարով: Այնտեղ բազմաթիվ քանդակներ, խճանկարներ եւ Ալեքսանդր Մակեդոնացու պատկերով մետաղադրամ են գտել: