Հայաստանի սամբոյի ֆեդերացիան եւ Ռուսատանի "Ռոսսոտրուդնիչեստվո" դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը 2010թ հուլիսի 16-ից 19-ը Երեւանում անց են կացնելու հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սամբոյի միջազգային հուշամրցաշար` նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:

Մրցաշարին մասնակցելու են պատանի մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Հունաստանից: Մրցումները տեղի կունենան "Միկա" մարզահամալիրում։

Հուլիսի 17-ի առավոտյան ժամը 10-ին կգոտեմարտեն 48,56,65,75,87 կգ քաշային կարգերում հանդես եկող պատանիներն ու 48, 56 կգ քաշային աղջիկները: Նույն օրը երեկոյան ժամը 18-ին կկայանան մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, նույն քաշային կարգերի եզրափակիչներն ու պարգեւատրումները:

Հուլիսի 18-ին, ժամը 10-ին ասպարեզ դուրս կգան 52,60,70,81 եւ 87-ից բարձր քաշային տղաներն ու 44 եւ 52 կգ քաշային կարգերի աղջիկները, իսկ ժամը 18-ին կկայանան եզրափակիչներն ու պարգեւատրման արարողությունները, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։