Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն սկսել են նշել 1986 թվականին ԱՄՆ-ում, Գրկախառնության ազգային օր (National Hugging Day) անվանումով, իսկ հետո տարածվել է ողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը մարդիկ բարեկամաբար գրկախառնվում են անգամ անծանոթների հետ:

Թեեւ տոնը նոր է, այսօր դժվար է գտնել դրա հեղինակին: Անհայտ է, թե ում գլխում է առաջին անգամ ծագել այդ գաղափարը եւ ինչու է այն նշվում հենց հունվարի 21-ին:

Համարվում է, որ տոնի նախաձեռնությունը պատկանում է ուսանողներին: Հենց այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվել են՝ առանց որեւէ ինտիմ ենթատեքստի: Ի դեպ, վերջին տարիներին այս օրը երիտասարդները տարբեր ֆլեշմոբներ են կազմակերպում՝ նվիրված տոնին: Առասպելի համաձայն, բարեկամական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգեւոր ջերմություն են փոխանցում, հաղորդում է Calend-ը: