Նյու Յորքում երեքշաբթի օրը մեկ ժամվա ընթացքում վաճառվել են Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի վերջին համարի բոլոր 300 օրինակները, իր կայքում հայտնել է The Daily News թերթը:
Քաղաք հասցված օրինակները հավասարաչափ բաշխվել են Մանհեթենի երեք խանութների միջեւ: Չնայած թերթի համար բարձր գնին՝ 6 դոլար, համարը միանգամից սպառվել է:
The Daily News –ը նշել է, որ սա Փարիզում այդ թերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո լույս տեսած առաջին համարն էր:
Ըստ թերթի՝ Ֆրանսիայից ԱՄՆ բերվել էր Charlie Hebdo ամագրի համարի ընդամենը 600 օրինակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Charlie Hebdo-ի խմբագրության վրա զինված հարձակում էր կատարվել հունվարի 7-ին: Զոհվել էր 12 մարդ՝ թերթի 10 աշխատակից եւ շենքի անվտանգության պատասխանատու երկու ոստիկան, եւս 11 մարդ վիրավորվել էր: Իսլամականները հարձակվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ամսագրում հրապարակելուց հետո:




























