Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ ստացած եւ վիրահատված ոստիկանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ գիտակցություն տեղն է, դեռեւս պառկած վիճակում է, ժամանակ առ ժամանակ գլխացավեր է ունենում: Ոստիկանը հիվանդանոցում կմնա մի քանի շաբաթ, աչքի շրջանում առկա է հեմատոմա, որը սկսել է ներծծվել: «Ճակատոսկրը փշրված էր, առկա էր գլխուղեղի սալջարդ, վիրահատել ենք, բայց լավանալուց 6 ամիս անց պլաստիկ վիրահատություն կարվի, ճակատոսկրի հատվածում պինդ նյութ պետք է դրվի, որ ուղեղը չվնասվի»,-ասաց բաժանմունքի ղեկավարը:
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետեւանքով Գյումրիի հիվանդանոց է դիմել 33 հոգի, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























