Այսօր Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 17–րդ խմբի երդման հանդիսավոր արարողությունը։ Ամենամյա դարձած միջոցառումն իր ողջույնի խոսքով բացել է ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Յովանովիչը։ Միջոցառման ժամանակ թվով 44 Խաղաղության կորպուսի կամավոր փորձել են կիսել իրենց ձեռքբերումներն այս կարճ ժամանակահատվածում. ներկայացրել հայերեն լեզվով երգ եւ կիսել իրենց տպավորությունները հյուրընկալող ընտանիքների, ինչպես նաեւ մշակույթի, սովորությունների, լեզվի եւ իրենց ապրած հրաշալի պահերի վերաբերյալ։

Նախքան իրենց համայնքներում երկամյա աշխատանքի անցնելը, ԽԿ կամավորները մասնակցել էին տասնմեկ շաբաթյա դասընթացի, որի ընթացքում ուսումնասիրել էին հայոց լեզուն, հայ մշակույթը եւ անցել մասնագիտական ու անվտանգության դասընթացներ, որի նպատակն է կամավորներին նախապատրաստել երկամյա ծառայութան։ Ապրելով եւ աշխատելով Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղական համայնքներում՝ կամավորներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ կմշակեն եւ կիրականացնեն համայնքային ծրագրեր ԽԿ–ի չորս ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում, համայնքի ու բիզնեսի զարգացում, առողջապահական եւ բնապահպանական կրթություն։

Խաղաղության կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992թ.-ից՝ ՀՀ կառավարության հրավերով: Սկսած այդ ժամանակահատվածից Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 600 կամավոր: Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում եւ բուժհաստատություններում աշխատող կամավորների թիվը կհասնի 80-ի:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից եւ հետապնդում է երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, նպաստել, որ այլ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին, օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները: