Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիեւն այս պահի դրությամբ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Արկադի Իսրայելյանը:

«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, բայց դեռ մեկ շաբաթ կա՝ մինչեւ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Հնարավոր է՝ փոշմանի եւ բողոքարկելու ցանկություն հայտնի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ մյուս դիվերսանտին՝ Դիլհամ Ասկերովին էլ դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։