ԱՄՆ պետքարտողար Հիլլարի Քլինթոնի այցից հետո թուրքական լրատվամիջոցները սկսել են կրկին շահարկել հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։

Այս անգամ էլ Թուրքական Radikal-ի լրագրող  Մուրադ Յեթքինը իր հրապարակման մեջ գրել է, թե սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում  ՆԱՏՕ-ի հետ համատեղ կազմակերպվելիք «Արմենիա 2010» զորավարժություններին մասնակից թուրքական կողմը պատրաստություն է տեսնում  թուրքական տեխնիկայի մասնակցությունը ապահովելու համար ժամանակավորապես բացել հայ-թուրքական սահմանը։

Թուրքական պարբերականը նշում է, թե իբր ըստ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների՝ սահմանի բացումը չի ունենալու պաշտոնական բնույթ։

Նշենք, որ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում էին, որ գործադիրը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնել։