Ադրբեջանական մամուլին բնորոշ է դեպքերի եւ հայտարարությունների էությունը  խեղաթյուրելը: Այս մասին հունվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման գնահատման մասին հարցին:

Ըստ նրա՝ ադրբեջանցիները մշտապես փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, ինչպես իրենք ցանկանում են տեսնել: «Բանն այն է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է Ռուսաստանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Իրականությունն այլ է, երբ խոսքը Ադրբեջանի մասին է: Նորություն չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրում է հայտարարությունները: Եվ  ամեն ինչ  գլխիվայր շրջում: Չեմ հիշում մի հանդիպում, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրած չլինի դրա էությունը»: Ըստ նախարարի՝ նրանց հասկանալը դժվար է: Նա հիշեցրել է մի դեպք, երբ հարեւան երկրի նախագահի կայքում  շնորհավորանք էր հայտնվել Բաքվի հոգեբուժարանից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մամուլը նենգափոխել է Ալիեւի եւ Մերկելի հանդիպման ամփոփիչ հայտարարությունը՝ այն ներկայացնելով Ադրբեջանին ձեռնտու  տեսքով: