Վերջին տարիներին էլ ավելի ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը մշտապես ձգտում է սրել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂՀ զինված ուժերի հետ շփման գծում: Այդ մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այդ նկրտումների տապալումը Ադրբեջանին հեռու չի պահում գործողությունների նման մեթոդից: Հայկական կողմի համար հակառակորդի կողմից ոտնձգություններն անընդունելի է: «Եթե հակառակորդը չի հասկանում քաղաքական մեսիջները, ապա նրա բոլոր հարձակումները համարժեք պատասխան պետք է ստանան», - հայտարարել է նախարարը:

Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը նաեւ համարժեք պատասխան է ստացել ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացման համար: Ինչ վերաբերում է ծառայողական հետաքննությանը, ապա նախարարի խոսքով, հայտնաբերված մեղավորները պատիժ են կրել, կան աշխատանքից ազատվածներ:

Նախարարի խոսքով՝ կատարված  հետազոտությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի սադրանքները մի քանի նպատակ են հետապնդում: Առաջին հերթին, շեղել ուշադրությունը մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների հետ կապված ներքին խնդիրներից, եւ բանակցային գործընթացում փոխզիջումների հասնել:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը չի կարող բացառել հակառակորդի կողմից հրադադարի խախտման հնարավորությունը: Սակայն մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խախտումները չվերածվեն լայնամասշտաբ պատերազմի», - նշել է նախարարը: Ընդ որում, եթե Ադրբեջանը հույս ունի, որ հայկական կողմը ջենթլմենային մոտեցում կցուցաբերի՝ ցանկացած դեպքում չանցնելով «կարմիր գիծը», ապա չարաչար սխալվում է: Անհրաժեշտության դեպքում սահմանին անմիջապես մոտ գտնվող ադրբեջանական տարածքները կարող են գործողությունների թատերաբեմ դառնալ: