Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներ այսօր՝ հունվարի 27-ին, հերթական անգամ հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց:

Ցուցարարներն իրենց հետ բերել են «Մենք գաղթական չենք դառնա», «Կառավարությունը Նաիրիտին 5 մլրդ դրամ է պարտք», «Աշխատավարձերի պատքերի մարում»  գրությամբ պաստառներ:

Ցուցարարների պահանջը նույնն  է՝ սահմանել պարտքերի մարման հսկատ ժամանակացույց: 

«Դեկտեմբերի սկզբից ակցիաների մեջ ենք, հույս ունենք, որ արդյունք կլինի: Հինգշաբթի օրվանից մինչեւ այսօր երկու աշխատանքային օր է անցել, որոշակի շարժ կա, բայց ոչ ֆինանսական: Կոնկրետ մարդիկ են եկել գործարան, որոնք ցանկանում են գնել որոշակի գույք, որը գործարանին պիտանի չի: Իհարկե, մեզ հետաքրքրում է ավելի շատ ֆինանսական տեղաշարժը»,- NEWS.am-ին ասաց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

Աշխատակիցները վճռական են տրամադրված, նրանց խոսքով՝ այնքան ժամանակ ակցիաներ կանեն, մինչեւ ստանան պարտքի վերջին դրամը:

«Էնքան ենք գնալու գանք, մինչեւ որ կոշիկերս մաշվեն, կոշիկ չունենանք»,- ասաց Նորիկ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ընդունել է «Նաիրիտ» գործարանի  աշխատանքային հանձնաժողովի 5 անդամներին եւ խոստացել առաջիկա երեք ամիսների ընթացքում բավարարել նաիրիտցիների պահանջը։