Ռուսաստանցի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը պատրաստվում է հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ նկարահանել Ալեքսանդր Գրիբոյեդովի մասին՝ բացահայտելով անգլիացիների դերակատարությունը նրա սպանության գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

««Գրիբոյեդովը» գրվել է 1985թ.: Սցենարը գրել են Սաշա Ադաբաշյանը, Յուրա Լոշչիցը, Իրակլի Կվիրիկաձեն եւ ես», - գործակալությանը պատմել է ռեժիսորը՝ «Կուստենդորֆ» միջազգային ութերորդ կինոփառատոնում, որի հիմնադիրն է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:

«Սա ըստ իս հիանալի սցենար է: Ալեքսանդր Գրիբոյեդովի կյանքն ու վախճանը», - ընդգծել է նա:

 «Մենք ապացուցել ենք, որ Գրիբոյեդովի սպանությունը մահմեդականների գործը չէ, այլ անգլիացիների կողմից ծրագրված սառնասիրտ սպանություն», - նշել է Միխալկովը:

Ըստ նրա՝ ժամանակին ֆիլմը չէր հաջողվել նկարահանել Լեռնային Ղարաբաղի դեպքերի պատճառով: «Այն ժամանակ այնտեղ պատերազմ սկսեց, եւ մեզ համար դա անհնարին էր», - պատմել է նա՝ հիշեցնելով, որ «Գրիբոյեդովը Ղարաբաղը բնակեցրեց հայ ընտանիքներով: 40 հազար հայերի բերեց Պարսկաստանից»:

Միխալկովը հայտնեց, որ նոր աշխատանքը կունենա 12-15 սերիա: 

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմի թողարկման հստակ ժամկետը հայտնի չէ: