Իտալիայի հյուսիսային Թուրին քաղաքում երկու դուստրերի հորը դատապարտել են 9 ամիս ժամկետով բանտարկության: Պատճառն այն է, որ նա աղջիկներին ստիպել է խիստ դիետա պահել եւ միաժամանակ ակտիվորեն լեռնադահուկային սպորտով զբաղվել: Այս մասին գրում է The Local-ը:

53-ամյա տղամարդուն մեղադրել են այն բանի համար, որ ամուսնալուծությունից հետո վերցնելով աղջիկներին՝ 2008-2011 թվականների ընթացքում նրանց ստիպել է անցնել խիստ բուսակերության դիետայի եւ տարել ակտիվ պարապմունքների:

«Դուք գեր եք, պետք է ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարեք, հակառակ դեպքում այս կյանքում ոչնչի չեք հասնի»,- դուստրերին ասել է հայրը:

Ըստ Gazeta-ի, մայրը ենթադրում է, որ այդ խոսքերը հոգեբանական սարսափելի ազդեցություն են ունեցել երեխաների վրա: Իսկ տղամարդը պնդում է, որ պարզապես հոգացել է աղջիկների առողջության մասին: Ամեն դեպքում, նրա գործողություններն անօրինական են ճանաչվել: