Ալեքսանդր Լիտվինենկոյին պոլոնիում-210-ով թունավորելու աղբյուրը կարող էր լինել թեյը, որը նա խմել է Millennium հյուրանոցի բարում: Այս մասին հայտարարել է ատոմային զենքի փորձագետը՝ Լոնդոնի բարձրագույն դատարանում ԱԴԾ նախկին սպայի գործով քննության ժամանակ:

Փորձագետի ինքնությունը գաղտնի է պահվում: Լրագրողները հնարավորություն ունեն միայն լսել նրա ձայնը, բայց տեսնել չեն կարող: Լսումների ժամանակ ներկայացվել են գործի նյութերը, որոնց համաձայն, փորձագետները չափել են Millennium հյուրանոցի Pine բարում, ինչպես նաեւ «Շերաթոն» հյուրանոցի Անդրեյ Լուգավոյի համարում ռադիոակտիվության աստիճանը, որտեղ վերջինն ապրել է 2006-ի հոկտեմբերի 25-28-ին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հյուրանոցի բարի սեղաններից մեկի եւ աթոռի վրա ռադիացիայի բարձր մակարդակ է նկատվել: Սակայն ռադիացիայի առավելագույն մակարդակը գրանցվել է ճենապակե թեյնիկի մակերեսին: Չափազանց բարձր ցուցանիշներ են գրանցվել նաեւ Լուգովոյի համարի մի քանի հատվածներում:

ՌԴ ՀԴԲ-ի նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, ով 2000 թվականին փախել էր Մեծ Բրիտանիա, վախճանվել է 2006 թվականի նոյեմբերին: Լիտվինենկոյի ինքնազգացողությունը վատացել է նախկին գործընկերների՝ Անդրեյ Լուգովոյի եւ Դմիտրի Կովնուտի հետ հանդիպումից եւ լոնդոնյան Millennium հյուրանոցում թեյ խմելուց հետո:

Նրա մահից հետո Առողջապահության բրիտանական գործակալության մասնագետները պնդում էին, որ Լիտվինենկոյի օրգանիզմում մեծ քանակությամբ ռադիոակտիվ պոլոնիում-210 են հայտնաբերել: