Հռոմում հունվարի 29-ին կկայանա Իտալիայի 12-րդ նախագահի ընտրության առաջին փուլը, սակայն ակնկալիքներ չկան, որ պետության ղեկավարը կընտրվի հունվարի 29-ին:

Սա հաստատում է այն փաստը, որ քաղաքական տեւական խորհրդակցություններից հետո ոչ իշխող դեմոկրատական, ոչ էլ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունները նախօրեի քվեարկությամբ այդպես էլ չեն կարողացել որոշել նախագահի թեկնածուներին: Սպասվում է, որ հունվարի 29-ի առավոտյան Բեռլուսկոնին մեկ անգամ էլ կհանդիպի դեմոկրատների առաջնորդ, վարչապետ Մատեո Ռենցիի հետ:

Վարչապետն ինքն էլ նախագահի թեկնածուի անունը չի հայտնել: Ռենցին չի թաքցնում, որ  հույս ունի, թե նախագահը կընտրվի 4-րդ փուլում, երբ ընտրողների ձայների երկու երրորդը այլեւս հարկավոր չի լինի: Իսկ այժմ, երեւում է, որ առաջին երեք փուլում  դեմոկրատները եւ Բեռլուսկոնիի կողմնակիցները քվեաթերթիկներում չեն նշի իրենց թեկնածուների անունները: Այսպիսով, կա միայն մեկ թեկնածուի անուն, որին առաջադրել են ընդդիմադիր 2 կուսակցությունները՝ «Հյուսիսի լիգան» եւ «Իտալիայի եղբայրները»: Թեկնածուն հայտնի լրագրող, Libero-ի հիմնադիր  71-ամյա Վիտորիո Ֆելտրին է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահի պաշտոնը թափուր է հունվարի 14-ից, երբ 89-ամյա Ջորջո Նապոլիտանոն լքեց պաշտոնը: Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահին ընտրում է խորհրդարանը՝ երկրի բոլոր մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի է ունենում փակ քվեարկություն, հաղթում է ձայների երկու երրորդից ավելին ստացած թեկնածուն: