Թուրքական «Սաբահ» թերթը գրում է, թե օրերս Ստամբուլի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մի հանցավոր խմբավորման անդամների, որոնք տարեց մարդկանց բնակարանների կողոպուտով էին զբաղված։ Նրանցից 2-ը վրացիներ են, 6-ը՝ հայեր։ Ձերբակալվել են նաեւ խմբի անդամներին մուտքի կեղծ վիզայով անձնագրեր տրամադրած ոստիկանն ու կողոպուտի ենթարկված տարեցների աղախինները։ Խմբավորման ղեկավարը, ըստ թերթի, նույնպես հայ է եւ առայժմ գտնվում է փախուստի մեջ։

Խմբի անդամներից մեկի՝ Միսաք Նազարյանի տնից հայտնաբերվել են ռուսական ցարական ժամանակաշրջանի ոսկեզօծ ատրճանակ, պերճանքի առարկաներ ու գողության համար նախատեսված գործիքներ։ Ձերբակալվածը խոստովանել է, որ, մեկուկես տարի, օգտվելով աղախինների աջակցությունից, իրենք պարբերաբար բնակարաններ են թալանել եւ գողացվածը իրացրել Ստամբուլի շուկաներում ու արտասահմանում։