«Վրաց-թուրքական հարաբերությունների սրման նշաններ կան, քանի որ ռուս-թուրքական մերձեցումը մի փոքր սեպ խրեց նրանց հարաբերություններում»,-վրաց-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։

Ինչպես ինքն է նշում՝ վերջին շրջանում Վրաստանում ուժգնացան արեւմտյան Վրաստանի՝ այժմ Թուրքիային պատկանող տարածքները պահանջելու խնդիրները։

«Քանի որ Վրաստանի կողմից նեղացվածություն է նկատվում, բնականաբար, Թուրքիան պետք է փարատի նաեւ վրացական կողմի մտահոգությունները, որ ռուս-թուրքական դաշինքը կամ գործընկերությունը չի սպառնում Վրաստանին։ Նամանավանդ հիմա քննարկվում է այն պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանը իրավունք կստանա օգտագործել Թուրքիայի օդային տարածքները։ Բնականաբար, վրացական կողմը այս ամենին կոշտ կարձագանքի, եւ այս առումով Թուրքիան խնդիր ունի Վրաստանին համոզելու, փարատելու մտահոգությունները, որ ինքը շարունակում է նրա հետ գործընկերային հարաբերությունները»,-ասաց նա։

Ստեփան Սաֆարյանի խոսքերով, Վերջին հաշվով առկա է նաեւ «Նաբուկո»-ի խնդիրը եւ, հետեւաբար, Թուրքիան, որպես փոխադրող երկիր, իր ստեղծած իմիջի հետ խնդիրներ կունենա։

«Քանի դեռ Հայաստանը չունի այլընտրանքային ուղիներ եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված չեն՝ հայկական շահերին համահունչ, Վրաստանի մերձեցումը Թուրքիային՝ կխոչընդոտի Հայաստանին՝ էլ ավելի ուժեղացնելով նրա շրջափակումը»,-նշեց պատգամավորը։