Աբովյանում երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նրանց փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանում օրերս մի խնջույքի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 25-ին Աբովյանի 4 շենքի  նկուղային հարկում գտնվող հեծանվային  սպորտդահլիճում խնջույքի ժամանակ մահացել է մասնակիցներից մեկը՝ 25-ամյա մի երիտասարդ:  Ըստ Աբովյանում տարածված տեղեկությունների՝ երիտասարդը բոլորի աչքի առջեւ հանկարածամահ է եղել, որից հետո նրան մահացած վիճակում տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց:  Այժմ նոր վարկած է շրջանառվում, որ մահը վրա է հասել  մարմնական վնասվածքից: