ՀՀ-ում մարդու իրավունքներին հավասարաչափ չեն  հետեւում: Այս մասին նշված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մարդու իրավունքներ-2015» զեկույցում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից:

«Իշխանությունները նախկինի պես խոչընդոտում են խաղաղ բողոքների անցկացմանը: Խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը բանտերում խնդիր են մնում, իսկ քննչական մարմինների աշխատանքը արդյունավետ չէ նույնիսկ այն դեպքերում, երբ դա թափանցիկ է իրականացվում»,-ասված է զեկույցում:

Միջազգային իրավապաշտպանների կարծիքով, 2014-ին հայ լրագրողները նախկինի պես բախվել են ճնշումների ու բռնությունների իրենց հայրենիքում: Միաժամանակ զեկույցի հեղինակները ողջունել են պարտադիր զինվորական ծառայության ոլորտում փոփոխությունները, որոնք այլընտրանքային ծառայության հնարավորություն են տալիս՝ հիշեցնելով, որ ՀՀ զինված ուժերում պահպանվում են լուրջ խախտումները:
Բացի այդ, Human Rights Watch-ը նշում է, որ տեղի իրավապաշտպան խմբերը վավերացրել են Հայաստանում հարկադիր հոգեբուժական հոսպիտալացման դեպքերը:

«Բռնությունն ու խտրականությունը սեռական ու գենդերային ինքնության հողի վրա լուրջ խնդիրներ են մնում»,-նշվում է զեկույցում: Այնտեղ հիշեցվում է, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի վերացրել անբուժելի հիվանդների համար ցավազրկող դեղամիջոցների հասանելիության ոչ պետքական սահմանափակումները:

Որպես իրավախախտման օրինակ զեկույցում նշվում է հունիսի 23-ին Երեւանի Աֆրիկյանների տան հետ կապված բողոքի ակցիայի ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաեւ «վիճելի ընդդիմադիր գործիչ» Շանթ Հարությունյանի եւ նրա 13 կողմնակիցների գործով դատաքննությունը: