ԵԽԽՎ-ում Ռուսսաստանին ձայնից զրկելուն` Հայաստանի ձեռնպահ քվեարկելը որեւէ կապ չունի Գյումրիի դեպքերի հետ: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Պատգամավորի խոսքով` միայն մեր պատվիրակության անդամները վերադառնալուց հետո կարող են հստակ պատասխան տալ, թե ինչու ձեռնպահ քվեարկեցին:

«Հայ-ռուսական հարաբերությունները կարելի է մեկնաբանել ամեն կերպ: Մենք ինքներս ենք այնպես անում, որ սերտացնենք մեր հարաբերությունները: Վասալային հարաբերությունների մասին խոսք չկա, պարզապես կա տարբեր տրամաչափի պետությունների փոխշահավետ համագործակցություն»,- նշեց ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանը:

Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանը վասալային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

Նշենք, որ հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է հիմնական  լիազորություններից՝ ձայնի իրավունքից եւ Ասամբլեայի որոշ ղեկավարող մարմինների աշխատանքին մասնակցելուց՝ մինչեւ ապրիլյան նստաշրջանը: 160 պատգամավոր կողմ է քվեարկել Ռուսաստանին մինչեւ 2015 թ. ապրիլը ձայնի իրավունքից զրկելուն, 42 խորհրդարանական՝ դեմ, 11-ը՝ ձեռնպահ: