ԱՄՆ ՌՕՈՒ-ի հրամանատարությունը ընտրել է օդանավ, որն ապագայում կփոխարինի երկրի նախագահի հնացած օդանավերին:  Flightglobal-ի փոխանցմամբ, զինվորականները որոշել են, որ «թիվ մեկ օդանավը» (Air Force One) Boeing 747-8 օդանավի հիմքով է լինելու: ԱՄՆ ՌՕՈՒ-ն քննարկել է նաեւ նախագահական օդանավերը նոր եվրոպական  Airbus 380-ներով փոխարինելու հնարավորությունը, սակայն այդ օդանավերը չեն համապատասխանել մի շարք չափանիշներով:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ ՌՕՈՒ-ն մտադիր է ամերիկյան Boeing-ից ձեռք բերել  երեք 747-8 օդանավ: Պայմանագիր դեռ չի ստորագրվել: Նախագահական թռչող սարքերի հավաքակազմում B747-8-երը կփոխարինեն  հնացած B747-200-երին: Եթե պայամանագիրը ստորագրվի առաջիկայում, դրանց մատակարարումը կարող է սկսվել 2017 թ.ին:

Նախագահական օդանավերի ներկայիս հավաքակազմը ձեւավորել է Boeing կոնցեռնը՝  1990-ականներին:  Air Force One-ը ԱՄՆ ՌՕՈՒ-ի իրավազորության ներքո է, որն էլ կորոշի, թե աշխարհի ավիաշինարարական որ ընկերությունը պետք է մասնակցի նախագահական օդանավերի հավաքակազմի թարմացման մրցույթին: