Ադրբեջանի իշխանությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչներին դեռեւս թույլ չեն տալիս այցելել հայ գերի Արսեն Բաղդասարյանին:
ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դեռեւս չեն եղել գերու մոտ. «ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռեւս այդ հարցով բանակցում են համապատասխան մարմինների ղեկավարության հետ»:
Արցախի Զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին: Ադրբեջանի իշխանություններն արդեն ավելի քան մեկ ամիս հրաժարվում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչ թողնել գերու մոտ, ընդ որում՝ պաշտոնապես պատճառներ չեն հաղորդվում:
Ադրբեջանական իշխանությունների այդ մոտեցումը Ժնեւյան կոնվենցիաների կոպիտ խախտում է: Խոսքը ոչ միայն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցելությունների մասին է, այլեւ գերուն նամակներ փոխանցելու հնարավորությունից զրկելու:





























