Եվրոպական երկրների ԱԳ նախարարները որոշել են երկարաձգել եւ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել երեք կետերի շուրջ. եւս 6 ամսով պատժամիջոցների երկարաձգում, պատժամիջոցների ցանկում նոր անունների ներառում, ինչպես նաեւ ցանկացած հնարավոր նոր միջոցների նախապատրաստում: Մոգերինին ընդգծել է, որ պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած որոշումն արտգործնախարարները չեն կայացնում. այն կայացնելու են ԵՄ երկրների ղեկավարները, փետրվարին: «Իրավիճակը վատթարանում է, այդ պատճառով ԱԳՆ ղեկավարների կողմից իրավիճակը գնահատականը բացասական է»,- պարզաբանել է ԵՄ հանձնակատարը:

Պատժամիջոցների քննարկումը դժվարացել է Հունաստանի դիրքորոշման պատճառով՝ այդ երկրում կառավարության գլուխ ձախ ծայրահեղականների անցնելուց հետո: Նստաշրջանի մեկնարկից առաջ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կատզիասը հայտարարել է, որ իր երկիրը երկու նպատակ ունի. խաղաղություն հաստատել Ուկրաինայում եւ «կանխել Ռուսաստանի հետ Եվրամիության բաժանումը»:

ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության նախագծով նախատեսվում է կես տարի ժամկետով երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաեւ հանձնարարել սահմանափակող նոր միջոցներ նախապատրաստել, այդ թվում՝ կապիտալի արեւմտյան շուկայում ռուսական ընկերությունների մուտքի սահմանափակման վերաբերյալ

Bloomberg-ի փոխանցմամբ, Եվրամիության անդամ 28 երկրների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնության հասնել անձնական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու հարցի շուրջ, որոնք սահմանվել էին մեկ տարի ժամկետով 2014 թվականի մարտին, Ռուսաստանի կողմից Ղրիմի միավորումից հետո: