Երեւանում հուղարկավորության կազմակերպման մասին օրինագծերի փաթեթը խորհրդարան կներկայացվի հրատապ ռեժիմով: Այս մասին Գործադիրի հունվարի 30-ի նիստում հայտարարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ըստ նրա՝ օրենքը կներկայացվի ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում (մեկնարկում է փետրվարի 2 -ին)՝ հաշվի առնելով դրա արդիականությունը: Հիշեցնենք, Կառավարությունն օրինագծերին հավանություն էր տվել 2 շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին:

Օրինագծերի փաթեթի հիմնավորումում  նշվում է, որ ներկայումս թաղման բյուրոների, սգո սրահների եւ այլնի վայրերը կանոնակարգված չեն: Արդյունքում դրանցից շատերը բնակելի տների եւ դպրոցների մոտ են, ինչը հարուցում է բնակիչների արդարացի դժգոհությունը:

Օրինագծերով նախատեսվում է հուղարկավորման ոլորտի ընկերություններին պարտավորեցնել գործունեությունը ծավալել  բնակելի շենքերից եւ դպրոցներից որոշակի հեռավորության վրա: