ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ հայտարարվել է. ՀԱՊԿ-ը այդ հարցում չի կարող արձագանքել ռազմական միջոցներով: Այս մասին հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիայի» հարցին:
«2014թ. ՀԱՊԿ-ը իր հայտարարություններում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը», - ասել է նա:
Ըստ Բորդյուժայի՝ ինքն այցելել է սահման, ՀՀ ԶՈՒ-ի սահմանի որոշ ստորաբաժանումներ, որից հետո խնդիրները քննարկվել են ՀՀ նախագահի հետ: Նա նշել է, որ այդ խնդիրը քննարկվել է նաեւ անցյալ տարվա ամռանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն այս հարցում չի կարող ռազմական միջոցներով արձագանքել, քանի որ այն հակասում է ՀԱՊԿ հիմնական դրույթին, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվում է բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժ կիրառելու:
Անդրադառնալով հարցին, որ վերջերս տեղի ունեցած Ադրբեջանի զորքերի դիվերսիոն հարձակումները հենց Հայաստանի դեմ էին ուղղված, որի հետեւանքով զոհվել են հայ զինծառայողներ, Բորդյուժան ընդգծել է. «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպիսին ենք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը, ինչպես ենք հարկ համարում լուծել այս խնդիրը՝ քաղաքական առումով, եւ կարծում եմ, որ դրանք բավական լուրջ եւ ծանրակշիռ հայտարարություններ են, որոնք արտացոլում են ոչ միայն ՌԴ-ի կարծիքը»:




























