Ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, որը պատանդներ էր վերցրել Փարիզի կոշերային սննդի խանութում, հարձակումը նկարահանել էր «էքշն» տեսախցիկով, որն ամրացված էր եղել նրա հագուստին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակցին։

Նման տվյալներ է հրապարակել նաեւ L'Express-ի լրագրող Էրիկ Պելետյեն։ Նա գրել է, որ չարագործը կարողացել է տեսագրել երեք մարդու սպանությունը։ Լրագրողը նաեւ հայնել է, որ Կուլիբալին մահից առաջ հաջողացրել է էլեկտրոնային փոստով ուղարկել տեսագրությունը։

Ողջ մնացածներից ոմանք հայտնել են, որ Կուլիբալին պատանդներից մեկին ստիպել է իրեն օգնել սուպերմարկետի համակարգիչներից մեկով ցանցին միանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ահաբեկչի սպանվելուց մեկ օր անց՝ հունվարի 11-ին, ցանցում տեսագրություն էր հայտնվել, որտեղ Կուլիբալին պատմում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման անդամ է  ու Կուաշի եղբայրների համախոհը, որոնք ներխուժել էին  Charlie Hebdo երգիծաթերթի խմբագրություն ու 12 մարդու սպանել։

Հայտնի չէ, թե ով է  մոնտաժել տեսագրությունը եւ զետեղել ցանցում, փոխանցում է rbc-ն։