«Մուսուլման եղբայրները» սպառնում են Եգիպտոսում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին: «Ռաբիա» հեռուստաալիքի հաղորդավարի հրապարակած խմբավորման հայտարարության տեքստը տարածել են արաբական մի շարք լրատվամիջոցներ:

Թուրքիայից հեռարձակվող հեռուստաալիքի հաղորդավարը պարզաբանել է, որ հայտարարությունն իրենց է հասել «հեղափոխական երիտասարդության ղեկավարության» կողմից:

Հայտարարությունում խմբավորումն օտարերկրյա քաղաքացիներից պահանջում է մինչեւ փետրվարի 11-ը հեռանալ Եգիպտոսից: Այս պահանջը չկատարելու դեպքում, «հեղափոխական երիտասարդության ղեկավարությունը» երկրի հյուրերին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում: Ընդ որում, Եգիպտոսում իրենց գործունեությունը պետք է դադարեցնեն նաեւ արտասահմանյան ընկերություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները:

Ավելի ուշ «Ռաբիա» հեռուստաալիքի Facebook-յան էջում կայանի ղեկավարության անունից հաղորդագրություն է տարածվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, դրանում նշվում է, որ հեռուստաալիքը չի կարող հաստատել, «արդյո՞ք իրենց հասած հայտարարությունը որեւէ իրական հիմք ունի»: