ՌԴ մշակույթի նախարարությունը մշակում է օրինագիծ, որի համաձայն՝ Ռուսաստան ժամանած կինոյի եւ թատրոնի գործիչները կազատվեն միգրացիոն օրենսդրությամբ նախատեսված՝ ռուսաց լեզվի, պատմության եւ իրավագիտության քննություններից։ Այս մասին հայտարարել են գերատեսչության աշխատակիցները, գրում է «Իզվեստիա»-ն։

Հաղորդվում է, որ 2015թ. հունվարի 1-ից Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են քննություն հանձնել, իսկ հայտնի ռեժիսորները, ներգաղթյալների հետ հավասար, պետք է քննություն հանձնեն։ Սանկտ Պետերբուրգի «Բալտիյսկի դոմ» թատրոնի տնօրեն Սերգեյ Շուբը հայտարարել էր, դա «անհեթեթ եւ բացարձակ անիմաստ գաղափար է», քանի որ օտարերկրյա մասնագետները մեկ պիեսի բեմականացման նախապատրաստման համար Ռուսաստան են ժամանում երկու ամսով։

Նախարարությունում խոստովանել են, որ օտարերկրյա աշխատուժի՝ աշխատանքի ներգրավման գործող կարգը էականորեն բարդացնում է որակյալ ռեժիսոր-բեմադիչներին, բալետմեյստեր-բեմադիչներին, նկարիչ-բեմադրիչներին, դիրիժորներին եւ այլ մասնագետներին Ռուսաստանի մշակութային կազմակերպություններ ժամանակավոր աշխատանքի հրավիրելու գործընթացը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միգրանտների աշխատանքային արտոնագրի արժեքը, տարածաշրջանից կախված,  կտատանվի 1.5 հազարից  6 հազար ռուբլու սահմաններում։