«Նույնիսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ մրցավարները կոպիտ սխալներ են թույլ տալիս։ Հիշենք թեկուզ Գերմանիա-Անգլիա հանդիպումը, երբ մրցավարը չհաշվեց ակնհայտ գոլը։ Նման սխալներից կարելի էր խուսափել, եթե ֆուտբոլում կիրառվեին նորագույն տեխնոլոգիաները»,-  NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դա պարզագույն խնդիր է թվային տեխնոլոգիաների համար:

«Այսօրվա գիտության եւ թվային տեխնոլոգիաների պարագայում սա շատ հեշտ լուծելի է»,-ասաց Գրիգորյանը` ավելացնելով, որ պարզապես անհրաժեշտ է, որպեսզի ՖԻՖԱ-ն ցանկություն ունենա:

«Կարելի է, օրինակ`գնդակի մեջ չիպ տեղադրել, ու հետեւել գնդակի շարժման ուղղությանն ու անգամ արագությանը եւ ճշգրիտ իմանալ գնդակի կոորդինատները»,- նշեց Գրիգորյանը։ Հնարավոր է նաեւ պարզապես դարպասում տվիչներ տեղադրել, կամ կանաչ լույս տեղադրել դարպասի վերեւում, որպեսզի գնդակի՝ դարպասում հայտնվելը պարզ լինի բոլորի համար:

Գրիգորյանի խոսքով` նման առաջարկներ արդեն կան, անգամ բավականին հաջող փորձեր են գրանցվել այս ուղղությամբ, սակայն կիրառելու համար միայն ցանկություն է պետք: