Մինսկի համաձայնությունների չկատարումը հղի է լարվածության հետագա էսկալացիայով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան: Դիվանագետի կարծիքով, 2014 սեպտեմբերի 5-ին եւ 19-ին ստորագրված Մինսկի համաձայնությունները դեռեւս կենսունակ են: «Միջազգային հանրությունը ուշադրություն է դարձնում Մինսկի համաձայնություններին: Եթե դրանք բոլոր կողմերը իրականացնեն, պատերազմը կդադարի: Կյանքը կհարթվի», - նկատել է դեսպանը:

Որպես համաձայնության կատարման պայման՝ դեսպանը նշեց հակամարտության գոտու զորքերի եւ տեխնիկայի դուրսբերումը, զինյալներին ՌԴ-ի հովանավորչության դադարեցումը, ԵԱՀԿ դիտարկումների անցկացումը, պատանդերի եւ գերիների փոխանակությունը, ընտրությունների անցկացումը: Դեսպանը փաստեց, որ Դոնեցկում եւ Լուգանսկում շատ բարդ հումանիտար իրավիճակ է:

Նրա խոսքով՝ Կիեւի իշխանությունները փորձում են ամեն ինչ անել մարզերի կենսունակությունը սատարելու համար, սակայն դեսպանը խոստովանեց, որ դա միշտ չի ստացվում:

Ինչ վերաբերում է ծանր հրետանու օգտագործմանը, ինչը մեծ թվով խաղաղ քաղաքացիների մահվան պատճառ է դառնում, դեսպանը հարցադրում կատարեց. «Որտեղի՞ց զինյլաներին ժամանակակից զենք»: «Հեղափոխություններն իրականացնում են ինքնաձիգերով, փայտերով եւ քարերով: Սակայն որտեղի՞ց գերժամանակակից զենք», - նկատեց դեսպանը:

Իրավիճակի զարգացման հնարավոր ճանապարհների եւ Դոնեցկի ու Լուգանսկի՝ Կիեւի համար անընդունելի կարգավիճակի համատեքստում դեսպանը հայտարարեց, որ Մինսկի համաձայնությունները ենթադրում են իշխանության ապակենտրոնացում եւ հատուկ կառավարում: «Իշխանությունները պատրաստ են դիտարկել տեղական մարմիններին իրավասություններ տալու հարցը: Որոշ նորմատիվ փաստաթղթերում դա կյանքի է կոչվում: Դա կնպաստի շրջաններում զարգացմանը եւ ունիտար պետության ամրացմանը»: