2014թ. Հայաստանում նախորդ տարվա համեմատ  3.3 տոկոսով բարձրացել է ծնելիության մակարդակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողներին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«2014թ-ին գրանցվել է 43 183 ծնունդ,  նախորդ տարվա 41 790-ի համեմատ: Միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երեւանում, Շիրակի մարզում, այնուհետեւ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի մարզերում, իսկ միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ արձանագրվել են Տավուշի, Սյունիքի եւ  Վայոց Ձորի մարզերում»,-ասաց նա:

Կարինե Կույումջյանի խոսքով՝ 2014թ. գրանցվել է մահվան  27 872 դեպք, որը նախորդ տարվանից 2.5 տոկոսով ավելի է:

«Մահվան առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերում»,-ասաց նա՝ նշելով, որ 2014թ. նվազել են մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 8 տոկոսով:

Կարինե Կույումջյանն ասաց, որ մահվան պատճառները հիմնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները եւ մարսողական օրգանների հիվանդությունները: Դժբախտ պատահարներից, թունավորումներից մահացածների թիվը 1246-ն է,  որը նախորդ տարվա համեմատ նույնպես նվազել է:

 Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետը նշեց, որ Հայաստանում 2014թ.  գրանցվել է մեռելածնության 751 դեպք՝ նախորդ տարվա 711 դեպքի համեմատ: