Ընդդիմությունը չպետք է Լեռնային Ղարաբաղը խառնի Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ իր կարգախոսներին։ Այս մասին փետրվարի 2-ին խորհրդարանում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրա խոսքով՝ ապրիլի 24-ը ողջ հայության միասնության օրն է եւ այդ օրը խոսել ներքաղաքական խնդիրների մասին, առավել եւս՝ փորձել ուժեղացնել սեփական պաթետիկան՝ վկայակոչելով 1915թ. ողբերգությունը, պարզապես բարոյական չէ։
«Բացի այդ, չի կարելի Բերձորի (ԼՂՀ) թարմ դեպքերի կապակցությամբ դիմել սպեկուլյացիայի։ Հայաստանի իշխանությունների դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել ՀՀ տարածքում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Լեռնային Ղարաբաղը։ Դա անբարոյական է։ Եվ չի կարելի սովորեցնել Ղարաբաղի բնակիչներին, որ հայերն անպարտելի են։ Նրանք դա մեր օգնությամբ ապացուցել են»,- նշել է Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարել էր, որ Հայաստանից Ղարաբաղ շարժվող իրենց ավտոերթի մասնակիցները Բերձորում հարձակման են ենթարկվել, որի արդյունքում մի քանի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, ինչպես նաեւ վնասվել են ընդդիմադիրների մեքենաները։ Ըստ ԼՂՀ Ոստիկանության հայտարարության՝ տարվել են կանխարգելիչ միջոցառումներ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներին կոչ է արվել հրաժարվել նախաձեռնությունից, որը լարվածություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հասարակության շրջանում։
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարում է Հայաստանում իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին մինչեւ 2014թ. ապրիլի 24-ը, երբ լրանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակը։





























