Մեծ Բրիտանիան պատրաստ չէ արմատական փոփոխությունների, որոնք կարող են վրա հասնել արքայազն Չարլզի՝ գահ բարձրանալուց հետո։ Դատելով The Times պարբերականում երկուշաբթի տպագրված՝ Ուելսի արքայազնի ոչ պաշտոնական ինքնակենսագրության դրվագներից՝ նման կարծիք է հայտնել նրա մայր Եզիսաբեթ 2-րդ թագուհին։
Արքայազնի մասին պատմող «Չարլզ. արքայի սիրտը» կենսագրական գրքի հեղինակն է The Times-ի թղթակից Քեթրին Մայերը։ Նրա խոսքով՝ Չարլզը, առավել քան մայրը, հակված է կառավարման ինքնակալ ոճին, սակայն Բուքինգեմյան պալատի որոշ պալատականներ, «ինչպես նաեւ՝ ինքը թագունին» ենթադրում են, որ երկիրը պատրաստ չէ «փոփոխությունների շոկին»։
Մայերը, վկայակոչելով պալատին մոտ գտնվող իր աղբյուրները, պնդում է, որ արքայազնը «երբեք չի համաձայնվի անվանական կերպար լինել»։
«Խոսելով գահաժառանգի իր դերի մասին՝ արքայազնը հասկացրեց, որ նա մտադիր է վերանայել միապետությունը։ Որոշ պալատականներ, եւ նույնիսկ թագուհին վախենում են, որ ենթակաները պատրաստ չեն լինի նման փոփոխությունների»,- գրում է Մայերը։
«Ես ընդունում եմ միայն ամենաբարդ մարտահրավերները, քանի որ ես ցանկանում եմ նորից հույս առաջ բերել այնտեղ, որտեղ այն չկա եւ վերականգնել այն, ինչ կորցրել էր իր դինամիկան»,- Մայերի հետ զրույցում ասել է Չարլզը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ուելսի արքայազնի քննադատները՝ նրա հոր՝ Ֆիլիպի գլխավորությամբ, ենթադրում են, որ արքայազնն իրեն եսասիրաբար է պահում՝ վեր դասելով իր խելագար գաղափարները արքայական պարտավորություններից։
The Times-ում գրքի լույս տեսած հատվածները մեծ իրարանցում առաջացրեցին տեղական մամուլում եւ իրենց վրա հրավիրեցին արքայազնի պաշտոնական նստավայր Քլարենս Հաուսի ուշադրությունը։ Արքայազնի ներկայացուցիչները լրագրողների հետ ունեցած զրույցում նշել են, որ գիրքը չի հեղինակազորվել, քանի որ իրենք ոչ մի նախնական պատճե չեն ստացել, եւ տեքստը իրենց հետ չի համաձայնեցվել։ Նրանք առաջին անգամ գիրքը կտեսնեն միայն երեքշաբթի՝ այն լույս տեսնելուց հետո, որից հետռո կկարողանան ծանոթանալ տեքստին իրավաբանների ներկայությամբ։





























