Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը հետաձգել են խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը։ Այս մասին լրագրողներին փետրվարի 2-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդարանական խմբակցությունների հանդիպմանը, որին ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ձեռք է բերվել համաձայնություն՝ լուծել «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը։
«Մենք պայմանավորվել ենք քննարկել հարցը սովորական ռեժիմով, եւ եթե քննարկումներն ընթանան այնպես, ինչպես մենք սպասում ենք, արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն չի լինի»,- պարզաբանել է Մելքումյանը։
Համաձայն «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորման վերաբերյալ հարկատուներին (փոքր բիզնես) ներկայցվող պահանջը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։ Հարկատու են համարվում տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները (շուրջ 122 հազար դոլար ներկայիս փոխարժեքով)։





























