Հայաստանում աշխատող յուրաքանչյուր տաքսի պետք է հաշվիչ ունենա։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի տաքսի ծառայությունների միության նախագահ Վահագն Սահակյանը։ Դրա բացակայությունը խախտում է, որը պետք է պատժվի տուգանքով, հայտարարել է նա։

Միաժամանակ  Սահակյանը նշել է, որ հաշվիչների տրամաչափման հետ կապված ոչ բոլոր հարցերն են լուծված։ Առաջին հերթին դրանք անհրաժետ է տրամաչափել ըստ կոնկրետ մեքենայի, այլ ոչ թե փոխադրել մյուսի վրա, քանի որ հաշվիչի ցուցմունքը կախված է անիվի պտույտից։ Երկրորդը՝ չափագրման մասին գործող օրենսդրությունը նախատեսում է, որ չափող սարքեր կարող են ունենալ ոչ միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցները, այլ նաև ֆիզիկական անձինք։

«Մասնավոր տաքսիստների դրությունը բարդացնում է այն հանգամանքը, որ Չափագրման ինստիտուտը հեռավոր շրջաններում մասնաճյուղեր չունի։ Իսկ ինչպե՞ս պիտի տաքսիստը ասենք Մեղրիից գա Երեւան, 5 հազար դրամ ծախսի վառելիքի վրա, որպեսզի վճարի 2 հազար դրամ հաշվիչի տրամաչափման համար»,- հայտարարել է Սահակյանը։

Խնդրի լուծում կարող է դառնալ Նախարարության Տրանսպորտային տեսչության աշխատակիցների ներկայությամբ տեղում 1 կմ ստուգողական վազքով տրամաչափումը, հավելել է նա։

Հիշեցնենք, որ համաձայն 2014թ նոյեմբերի 20-ին վարչական իրավախախտումների մասին Օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների՝ առանց հաշվիչի կամ անսարք հաշվիչով տաքսիների շահագործուման համար նախատեսված է տուգանք 25 հազար դրամի չափով (52 դոլար)։