Գյումրիում տեղի ունեցածը օտարների գեոպոլիտիկ զորաշարժ էր՝ Հայաստանում անկառավարելի եւ խուճապային մթնոլորտ ստեղծելու համար, որից պիտի բխեր Ռուսաստանի «նեղացածությունն» ու Ադրբեջանի միջոցով անելանելի վիճակ ստեղծելը. իսկ վերջում մեզ «փրկելու» համար կհայտնվեր «քեռին», ու մենք գոհ կմնայինք իրենցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Նա պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերի:

Ինչպե՞ս եք գնահատում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա հունվարի 31-ին տեղի ունեցած հարձակումը: Ո՞ւմ հրամանով է դա տեղի ունեցել եւ ինչո՞ւ, որքանո՞վ են ընդունելի տեղի ունեցածը արդարացնելու փորձերը:

Նման հարձակումները կարող են լինել միմիայն բարձրագույն իշխանության անմիջական հրամանով կամ բարձրագույն իշխանության դեմ: Իսկ գնահատականը մեկն է՝ դա օտարերկրյա հատուկ ծառայությունների ծրագրի իրականացում է՝ ուղղված հայ պետականության ու ազգի բաղադրաորոշող արժեքների դեմ, երբ նախ՝ անպատվվում է պետության դրոշը, երկրորդ՝ ձեռք է բարձրացվում բառի բուն իմաստով ռազմական հերոսի վրա, երրորդ՝ բռնության են ենթարկվում երեխաներ: Շնորհակալություն, որ նույնությամբ չեն կրկնել Պերմյակովին: Փառք Աստծո, որ Արցախում գտնվել են միայն այնքան թափթփուկ ու թերմացք, որքան երեւում են սահմռկեցուցիչ կադրերում: Իսկ կատարվածն արդարացնել փորձողները 30 արծաթով հայ պետականության դեմ ամեն ինչի ունակ, անհայրենիք ու անազգ հաճորդիները կարող են լինել միայն: 

Տարեսկզբին երկիրը ցնցեց մեկ այլ իրադարձություն՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, որից հետո բողոքի ակցիաներ եղան: Կցանկանայի անդրադառնայիք այս դեպքին, ինչի՞ արդյունք է այս ամենը, ինչո՞ւ է հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը գտնվում ռուսական ռազմաբազայում: Ի՞նչ դասեր պետք է քաղեն իշխանությունները այս դեպքից հետո, արդյոք տեղի՞ն են ռազմաբան ՀՀ տարածքում տեղակայելու պայմանները վերանայելու մասին առաջարկները:

Նախ՝ դա օտարների գեոպոլիտիկ զորաշարժ էր՝ Հայաստանում անկառավարելի եւ խուճապային մթնոլորտ ստեղծելու համար, որից պիտի բխեր Ռուսաստանի «նեղացածությունն» ու Ադրբեջանի միջոցով անելանելի վիճակ ստեղծելը. իսկ վերջում մեզ «փրկելու» համար կհայտնվեր «քեռին», ու մենք գոհ կմնայինք իրենցից, ինչպես եղավ 1920 թվականի ապրիլից մինչեւ դեկտեմբեր, երբ իր կազմակերպած հայ-թուրքական պատերազմից Ռուսաստանը եկավ մեզ «փրկելու» եւ գրավված Գյումրին վերադարձնելու՝ թուրքերին հանձնելով Կարսը, Նախիջեւանը եւ կործանելով մեր Առաջին հանրապետությունը: Այս կոպիտ պարտիան մեր գլխին մեկ անգամ խաղացվել է, ուստի ամենեւին էական չէ, թե այդ Պերմյակովի հետ աշխատանքն ով կտանի՝ ռուսակա՞ն իրավապահ համակարգը, թե՞ դրա հայկական մասնաճյուղը: Ինչ վերաբերում է «մեր» իշխանությունների դասեր քաղելուն, ապա դա զավեշտի ոլորտից է. նախ՝ եղածը մեր իշխանությունը չէ, այլ 2008-ի մարտի 1-ի արյամբ պարտադրված նույն օտարածինը, դրածոն, ուստի նրանից ոչինչ կախված չէ, երկրորդ՝ դասեր քաղում են ուշիմները եւ ո՛չ գավառամիտ թերուսները:

Ինչո՞վ եք բացատրում, որ ոչ իշխանական ուժերը Գյումրիի դեպքի հետ կապված շատ պասիվ գտնվեցին ու վախվորած հայտարարություններով հանդես եկան: Սա ինչի՞ մասին է վկայում:

Նրանք հայտարարեցին այն տեքստերը, ինչ իրենց տրվեց վերադասից՝ Մոսկվայից: Իսկ դա վկայում է այն մասին, որ մեր ինքնիշխանությունը բավականին հարաբերական մի բան է:

Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ չնայած հայ հանրության բողոքի մեծ ալիքին, ռուսական կողմն այդպես էլ Հայաստանին չհանձնեց Պերմյակովին: Սա իր մեջ վտանգներ չի՞ պարունակում հենց Ռուսաստանի համար՝ հաշվի առվելով, որ դա կարող է բացասական վերաբերմունք առաջացնել ռուսների նկատմամբ հայերի շրջանում:

Հայերն այնքան ուշիմ են, որ Ռուսասատնից հրահրվող հակառուսականության խայծը չեն կլլի:

Բորդյուժան օրերս հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն չի միջամտելու հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ այդպիսին է այդ կառույցի որդեգրած սկզբունքը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որտեղ Բորդյուժան ըստ էության խախտում է ՀԱՊԿ կանոնադրությունը: Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, ինչպե՞ս պիտի պատասխանի այդ հայտարարությանը:

Բորդյուժաների նմանատիպ հայտարարությունները դարձյալ նույն նպատակն են հետապնդում՝ Հայաստանում հրահրել հակառուսականություն, որպեսզի պուտինյան Ռուսաստանը մոտիվացիա ունենա Ադրբեջանին «ֆաս» հրահանգը տալու, իսկ վերջում՝ վերադառնալու եւ «փրկելու»: Ընդհանրապես, ՀԱՊԿ-ն կմիջամտի այն ժամանակ, երբ դա իրենց շահը պահանջի եւ ոչ թե աշխարհի համար անարժեք դրա Կանոնադրությունը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը