Թուրքիայի պատմության մեջ Դոգու Փերինչեքը հայտնի է որպես սկանդալային անձնավորություն, որը երկրի տարբեր իշխանություններին մշտապես այս կամ այն ծառայություններն է մատուցել: Այս մասին փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսում  հայտնել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի քաղաքական շրջանակներում, նշում է թուրքագետը, նա վաղուց դիտարկվում է որպես գործիք կամ գործակալ: Մելքոնյանի խոսքով՝ Փերինչեքը քրդական շարժման հետ կապ է ունեցել, այնուհետեւ անդամակցել է ձախակողմյան շարժմանը, իսկ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով դատավարության ընթացքում Փերինչեքը դատապարտվել է 117 տարվա ազատազրկման:

«Հետաքրքիր է, որ թուրքական պետությունը ազատում է մի մարդու, որը 117 տարվա ազատազրկման է դատապարտվել: Երեւի թե արդրադատության պատմությունը նմանատիպ երկրորդ դեպք չի տեսել», - նշել է թուրքագետը՝ հավելելով, որ ի դեմս Փերինչեքի մենք գործ ունենք հենց թուրքական պետության հետ: Փերինչեքը, ավելացնում է թուրքագետը, 1980-ականների հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: «Նա բառացի ասել է հետեւյալը. «19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Աբդուլ Համիդը ներկեց Թուրքիայի արեւելյան գավառները անմեղ հայերի արյամբ»: Այսինքն մարդը, որը ութսունականներին բացահայտ ընդունել է ցեղասպանությունը, այժմ դարձել է դրա հիմնական հերքողը: Մենք պետք հաշվի առնենք նաեւ այս փաստը՝ նրա մասին իրական պատկերացում կազմելու մասին», - հավելել է թուրքագետը:

Հիշեցնենք, որ 2008 թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի  վճիռը: